Գերմանական «Շպիգել» լրատվամիջոցի հավաստմամբ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր աստղ Քրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հարկերի վճարումներից խուսափելու մեջ, իսկ խոսքը 150 միլիոն եվրոյի մասին է: Կասկածվողների ցանկում նա միակը չէ. ցանկում են նաև իսպանական պրեմիեր լիգայում հանդես եկող ու հանդես եկած այլ ֆուտբոլիստներ: Նախկին «սերուցքայիններից» մասնավորապես հիշատակվում են Մեսութ Օզիլը (անգլիական «Արսենալ»), Ռիկարդու Կարվալյուն («Մոնակո»), ներկայիններից՝ Պեպեն ու Խամես Ռոդրիգեսը: Ցանկում հիշատակվում է նաև Ռադամել Ֆալկաոյի անունը, որն իսպանական «Աթլետիկոն» է ներկայացրել և ներկայումս հանդես է գալիս «Մոնակոյում»: Այս բոլորին միավորողը մեկ մարդ է՝ պորտուգալացի Ժորժե Մենդեշն իր ղեկավարած ընկերությամբ, ով եղել է նաև Ժոզե Մոուրինյոյի գործակալը:
Այս պատմության մեջ, իհարկե, բավականին մութ էջեր կան: Մասնավորապես, Ռոնալդուին վերագրվողը փոքր-ինչ տարօրինակ է հնչում թեկուզ այն պատճառով, որ պորտուգալացին հայտնի է իր բավական շռայլ բարեգործություններով: Դրանցից ամենաթարմը «Շապեկոենսիե» թիմի զոհված անդամների հաշվին փոխանցված երեք միլիոն դոլարն է:
Ընդհանրապես, պիտի նկատել, որ իսպանական հարկային մարմինները յուրատեսակ խանդով են վերաբերվում մեծ գումարներ վաստակող աստղերին: Սկսած իքս պահից, նրանք սկսում են հետաքրքրվել այս կամ այն աստղի եկամուտներով, գտնում ծակուծուկեր ու սկսում եղածը փորփրել, խախտումներ գտնելով, գործը հանձնում են դատարան՝ պատասխանող կողմին ահաբեկում բանտարկությամբ:
Սովորաբար, նման պատմությունների վերջը նմանվում է ամերիկյան ֆիլմերից քաջածանոթ երջանիկ վախճանի՝ մեղադրվող կողմը վճարում է թաքցված հարկի գումարը՝ սահմանված տուգանքն էլ՝ վրադիր: Պիտի որ հիշեք՝ ոչ վաղ անցյալում նման մի դեպք էլ տեղի ունեցավ Լիոնել Մեսիի հետ, ում գործերի կառավարիչը նրա հայրն է: Ըստ շրջանառվող լուրերի, Մեսին հենց այդ պատճառով էր այն ժամանակ ցանկանում հեռանալ «Բարսելոնից»:
Թե ի՞նչ կլինի Ռոնալդուի հետ, դժվար է ասել, բայց որ նրա հեղինակությանն արդեն իսկ հարված է հասցվել, դրանից բխող այլ հետևանքներով, այս մեկն արդեն հաստատ ու հաստատ է: Հիշեցնենք, որ պորտուգալացին, Մեսիի ու Գրիզմանի հետ, հավակնում է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ